Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի Բաքվից ու Բուդապեշտից ստանանք պարզաբանումներ. ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ը որպես ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահ երկիր, դեմ է ցանկացած դրսևորման, որը կարող է խաթարել առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, այդ մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ այսօրվա համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նա հիշեցրել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ներում շնորհելու դեպքից հետո ԱՄՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ծայրաստիճան մտահոգություն ու անհանգստություն է հայտնել այդ փաստի կապակցությամբ:
«Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի երկու կողմից՝ Բաքվից ու Բուդապեշտից ստանանք պարզաբանումներ դեպքի առնչությամբ»,- ասել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ այդ հարցով երկխոսությունը դեռ ընթացքի մեջ է:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գնահատմամբ, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ոչ թե ներում է շնորհվել, այլ նա արդարացվել է՝ միայն այդ դեպքում է վերականգնվում ազատազրկման տարիների ընթացքում կորցրածը:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.«Ցավում եմ, որ կա մի ազգ, որը հերոսացնում է քնած մարդուն կացնահարած անձին»,- ասել է, որ ոչ մի երկրի նախագահ չի կարող արդարացնել այլ երկրի կողմից դատավճռով դատապարտված անձին, Իլհամ Ալիևը խախտել է սեփական երկրի օրենսդրությունը, մասնավորապես, Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի 521-րդ հոդվածը: Չսպասելով, որպեսզի այլ երկրի՝ Հունգարիայի դատարանի դատավճիռը համապատասխանեցվի ներպետական դատական ատյանի կողմից` երկրի նախագահն արդարացրել է ոճրագործին:
Աղվան Հովսեփյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահն այս պայմաններում իրավունք չուներ արդարացնելու մեկ այլ երկրի դատավճռով դատապարտված անձին:
Այսպիսով, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, Ադրբեջանը դիտավորությամբ չի կատարել Հունգարիայի կայացրած դատավճիռը, այսինքն՝ կատարել է հանցագործություն, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկեր՝ ներկայումս թոշակառու պրն. Կովաչին, ում ակտիվ ջանքերի շնորհիվ «հասանք ոճրագործի դատապարտմանը»:
Աղվան Հովսեփյանը հիշեցրել է, որ դատավարության ընթացքում էլ ջանքեր էին գործադրվում, որպեսզի ոճրագործին ազատեն քրեական պատասխանատվություն կրելուց, մասնավորապես՝ դատահոգեբուժական կեղծ եզրակացությունների միջոցով: Կրկնակի փորձաքննությամբ, սակայն, փաստվեց, որ Ռ. Սաֆարովը մեղսունակ է և ենթակա է քրեական պատասխանատվություն կրելու:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ էթնիկ հողի վրա ոճրագործություն կատարած անձին արդարացնելու Ադրբեջանի քայլն ուղղված չէ միայն հայ ժողովրդի դեմ, դրանով նա ոտնահարեց համազգային արդարադատությունը՝ մի երկրի կողմից կայացված դատավճիռը արհամարհվեց մեկ այլ երկրի կողմից:










