Աշխարհը շարունակում է քննադատաբար արձագանքել հունգարա-ադրբեջանական գործարքին
Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի հայ համայնքներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՊՀ տարածքի երկրներում, Եվրոպայում, Ավստրալիայում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո կոչով դիմել էր աշխարհասփյուռ հայությանը: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքռի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչությունը, բողոքի ցույցեր են անցկացվել ԱՊՀ բոլոր երկրներում: Հայաշատ քաղաքներում անվանի մարդիկ, հասարակական ու քաղաքական գործիչներն իրենց անհամաձայնությունն ու գնահատականն են տվել կատարվածին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել ռուսական պաշտոնատար անձանց լռության վերաբերյալ, և նշել է, որ Ռուսաստանը պետք է առաջինն արձագանքեր: Նա ընդգծել է, որ մտահոգված է Ռուսաստանում բնակվող հայերի անվտանգությամբ, քանի որ, եթե նման հանցագործություն կարող է տեղի ունենալ ԵՄ-ի անդամ հանդիսացող երկրում, իսկ մարդասպանը կարող է հերոսի կարգավիճակ ստանալ, ապա ոչ մի հայ ապահովագրված չէ նման «սաֆարովներից»: Հայտարարությանը միացել են նաև Կրասնոդարի երկրամասի հայկական երիտասարդական կառույցները: Հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, ռուսաստանի Դաշնությունում գործող էլեկտրոնային և տպագիր մամուլի օրգաններ:
Բողոքի ցույցեր են անցկացվել, անհամաձայնության ելույթներ և հայտարարություններ են հռչակվել Պերմի, Դոնի Ռոստովի, Կուբանի, Սիմֆերոպոլի, Նիժնի Նովգորոդի, Սոչիի, և այլ հայ համայնքների կառույցների կողմից:
Յարոսլավլի մարզային հայկական համայնքը, ի պատասխան ՀՀ սփյուռքի նախարարության՝ միավորմանն ուղղված կոչին՝ հանդես եկավ հայտարարությամբ՝ միակամ դատապատելով Հունգարիայի իշխանությունների խայտառակ գործարքը Ադրբեջանի հետ, որով ոտնհարվեցին քաղաքակիրթ մարդկության հազարամյակների արժեքները:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ Հունգարիայի դեսպանատան առջև, բազմամարդ ցույց անցկացվեց՝ հայերի և այլազգիների մասնակցությամբ՝ դատապարտող վանկարկումներով ու հայտարարությամբ: Բողոքի ակցիաները հաջորդելու են Ուկրաինայի մյուս քաղաքներում ևս:
Սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջեւ: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը:
Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգեւ է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության եւ Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը եւ մերժում է աստվածային օրեն-քը երկրի վրա»:
Բողոքի մեծամասշտաբ ակցիա անցկացվեց Թբիլիսիում՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանում գործող այլ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Իսկ Ռուսաստանի Ջավախահայերի միությունը իր տարածած կոշտ հայտարարության մեջ նշել է. «Ամոթ այն «վաճառված» եվրոպական երկրներին, որոնց լուռ համաձայնությամբ վաճառվում են իսկական եվրոպական արժեքները»:
Մեծամասշտաբ բողոքի ակցիա է նախատեսվում նաև սույն թվականի սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայում:










