ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկիրը կատարել է արդարադատության, մարդու իրավունքների ոտնահարման գործողություն. «Կին առաջնորդ ֆորում»
«Կին առաջնորդ ֆորում»-ի համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, ուր քննադատել է հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի հետևանքով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Բաքվին արտահանձնելու և Ալիևի կողմից նրան ներում շնորհելու փաստը:
Հայտարարությունում ասված է.
«Ցասումով ու խորը մտահոգությամբ տեղեկացանք հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում օգոստոսի 31-ին կայացած սահմեռկեցուցիչ իրադարձությանը` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում քնած վիճակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարողը և ցմահ ազատազրկման դատապարտվածը արտահանձնվեց, անհապաղ ներվեց և հերոսացվեց:
ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկիրը կատարել է արդարադատության, մարդու իրավունքների, մարդկայնության և քաղաքակրթության կանոնների ոտնահարման այդօրինակ աննախադեպ գործողություն այն դեպքում` երբ սպանվել է ՆԱՏՕ-ի միջոցառման մասնակիցը:
Մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգին համադրվեց ազերիների մարդատյաց, ռասիստական, վայրագ, նողկալի գործողությունների ոգուն: Ադրբեջանի կողմից կատարվող քայլերը, չդադարող ագրեսիվ պահվածքը, հայերի դեմ ուղղված ցեղասպանության մեթոդաբար իրագործումը բացասական հետևանքներ են ունենում տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության վրա: Ադրբեջանում խրախուսվում և ուղղորդվում են հակահայկական տրամադրությունները` մեր զինվորների սպանությունները սահմանի վրա, դպրոցական ծրագրերը և այլն: Այդ երկրում հային վտանգ է սպառնում: Այսքանից հետո ո՞ւմ մտքով անգամ կանցնի առաջարկել Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ:
Ոճրագործի աղաղակող արտահանձման, ներման և հերոսացման վերաբերյալ միջազգային կառույցներից և առաջադեմ հասարակություններից մենք ակնկալում ենք միանշանակ և հստակ արձագանք:










