Օլիմպիական խաղերի հերթափոխը Ռուսաստանին. վտանգավոր և անվերադարձ ներդրումներ Սոչիում

13:42 • 10.09.12

 2014թ. Ռուսաստանի Դաշնությունը կհյուրընկալի Ձմեռային Օլիմպիական խաղերը Սոչի քաղաքում: Այս խաղերը, որոնք Ռուսաստանում շատերն անվանում են նախագահ Վլադիմիր Պուտինի մեծածավալ և մասշտաբային մայր-նախագիծը, խոստանում են վերածվել անենատպավորիչ և նախադեպը չունեցող մարզական իրադարձության: Տպավորիչ և աննախադեպ հատկանիշներից բացի, Սոչիի Օլիմպիական խաղերը կարող են գրանցվել օլիմպիական պատմության մեջ` որպես ամենաթանկ խաղեր:


Սոչիի խաղերի ընդհանուր բյուջեն գնահատվում է 45 մլրդ դոլար: Ռուսաստանյան աղբյուրները նշել են, որ ներդրված գումաների փոխհատուցումը գրեթե անլուծելի խնդիր է: Կազմկոմիտեն արդեն հայտարարել է, որ Սոչիում տեղի կունենա Օլիմպիական խաղերի պատմության մեջ օլիմպիական ջահի ամենամեծ հերթափոխը: Ավելի քան 200 մլն ռուբլի կտրամադրվի միայն Սոչիի օլիմպիական ջահի հերթափոխին, կգնվի 16 հազար ջահ: Համեմատության համար նշենք, որ Լոնդոնի խաղերի համար գնվել էր 8 հազարը:


Սոչիի Օլիմպիական խաղերի նախագծի մեջ մեծ ներդրումներ են կատարել նաև մեծ թվով ռուսական ընկերություններ, անհատ ներդրողներ և ձեռներեցներ: Ներդրումների մեծ մասն օգտագործվում է տեղանքի ենթակառուցվածքի զարգացման և նոր մարզահամալիրների, հյուրանոցների, օլիմպիական ավանի կառուցման վրա: Ըստ նախնական տվյալների` միայն արագընթաց մայրուղու և արագավազ երկաթգծի կառուցման և շահագործման նախագծի արժեքը կազմել է 7,2 մլրդ դոլար: Մեծածավալ ծախսերի թվում է նաև խաղերի համար նախատեսված ձյան պաշարումը. միայն վերջին մեկ տարվա ընթացքում խաղերի կազմկոմիտեն հավաքել է 250 հազ. խորանարդ մետր ձյուն:


Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերի բյուջեն 10 անգամ գերազանցել է իտալական Թուրինի, ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի կամ կանադական Վանկուվերի բյուջեները:


Հասարակության անհանգստությունը


Արդեն երկար ժամանակ է, ինչ գեղատեսիլ Սոչիում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, տեղանքը համալրվում է նորանոր կառույցներով, շինարարական միավորներով: Սակայն մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցներ, համապատասխան միջազգային և ՀԿ կառույցներ մշտապես ահազանգում են օլիմպիական աշխատանքների արդյունքում գոյացած խնդիրների մասին: Բնապահպաններն իրենց հերթին մտահոգված են տեղանքի աղտոտման և շրջակա միջավայրի պահպանման խնդիրներով:


Ըստ ռուսաստանյան աղբյուրների`հիմնական խախտումներն են շինարարական թափոնների մշակման, արտահանման համար նախատեսված արտոնագրերի, հողերի անօրինական հափշտակման, վերաբնակեցման, շինարարների իրավունքների, աշխատանքային պայմանների շուրջ գոյացած հարցերը:


Human Rights Watch միջազգային կազմակերպությունը պարբերաբար անդրադառնում է Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստական ընթացքին` նշելով, որ դրանք պետք է անցկացվեն մարդու իրավունքների պաշտպանման ներքո, օլիմպիական աշխատանքներից չպետք է տուժեն շարքային քաղաքացիների իրավունքները: Զեկույների համաձայն` ներգաղթյալները բողոքում են աշխատավարձերի չվճարման, անձնագրերի հափշտակման, աշխատանքային պայմանագրերի բացակայության շուրջ: Օլիմպիական խաղերի շինհրապարակների աշխատողները հիմնականում ժամանել են Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և կովկասյան այլ երկրներից:


Բացի մարդու իրավունքների խախտման դեպքերից` մեծ աղմուկ են բարձրացրել քաղաքի բնակիչների վերաբնակեցման և շինարարության համար անհրաժեշտ տարածքների ազատման հարցերը:


Ընդհանուր թվով Սոչիում ենթակա է կառուցման մոտավորապես 400 կառույց և ենթակառուցվածքային նախագիծ: Այժմ Սոչիի շինարարության մեջ ներդրումներ են կատարվում մեծամասամբ Մոսկվայի խոշոր ընկերությունների կողմից: Սոչիի նորակառույց շինությունների մեծ մասը ճարտարագծվում է Մոսկվայի ժամանակակից կառույցների նախագծերի հիման վրա:
Ըստ ռուսաստանյան աղբյուրների` նման որոշ նախագծերի իրականացման համար ՌԴ կառավարությունը ստիպված է եղել վերաբնակեցնել կամ տարհանել 1500 ընտանիք: Բազմաթիվ դեպքերում քաղաքացիները բողոքներ են ներկայացրել վերաբնակեցման ոչ արդար պայմանների շուրջ, այն է` տարհանման դեպքում շուկայականից ավելի ցածր գների տրամադրման մեջ: Մի շարք դեպքերում քաղաքացիները գանգատվել են նաև ոչ ադեկվատ և համապատասխան տների փոխանակման պայմաններից:

Photo


Խաղերի անվտանգությունը


Ռեկորդային բարձր են լինելու Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգության ծախսերը: Դրանք կկազմեն, ըստ խաղերի կազմակերպիչների, 2 մլրդ դոլար:


Անվտանգության նկատառումներից ելնելով` Սոչիի Ձմեռային Օլիմպիական խաղերը խոստանում են դառնալ ամենախիստ անցկացվելիք մարզական իրադարձություններից մեկը: Սակայն կազմակերպիչները նաև շտապում են խոստանալ, որ շարքային քաղաքացին ամենևին խստությունը չի նկատի. անվանգության միջոցառումները, որոնք նպատակաուղղված են Հյուսիսային Կովկասի ահաբեկչական խմբավորումների ընդհատակյա գործունեությունը կասեցնելու վրա, կլինեն քողարկված և միտված ողջ օլիմպիական հանրության անվտանգության վրա:


Մարզական այս իրադարձությունը, ինչպես նշում են վերլուծաբանները, ուրախալից է ողջ միջազգային հանրության, Ռուսաստանի համար, որն առաջին անգամ է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (Մոսկվան հյուրընկալել է խաղերը 1980 թվականին ԽՍՀՄ կազմում), սակայն Սոչիի և մերձակա տարածքների համար այն այդքան էլ ուրախալից փաստ չէ: Տեղի իշխանությունները նույնիսկ կոչ են արել քաղաքացիներին ցերեկվա ժամերին անջատել օդորակիչները, լվացքի մեքենաները, հարդուկները, էլեկտրական թեյնիկները, որպեսզի էլեկտրաէներգիայի մատակարարումը կատարվի շինհրապարակներում: