Օրբելի փողոցում վթարի ենթարկված 3 տղաների վիճակը շարունակում է մնալ ծանր (լուսանկարներ)
Երևանի Օրբելի 6 հասցեում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեք տղաների վիճակը շարունակում է մնալ ծանր:
«Արմենիա» (Հանրապետական հիվանդանոց) բժշկական կենտրոն տեղափոխված երեք տուժածներից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուսը՝ Դավիթ Գրիգորյանը «Արմենիա» կենտրոնում է, ում վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվածի անունը մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ վթարից տուժած երրորդ անձի վիճակը ևս շատ ծանր է:
Մյուս ուղևորը՝ Վլադմիր Մարկոսյանը գտնվում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկայում և նրա վիճակը, ինչպես տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, ծայրահեղ ծանր է:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել էր 5 հոգի, որոնցից երկուսը՝ 1994 թ. ծնված Գայանե Մարկոսյանը և 1993 թ. ծնված Վիկտորյա Ալոյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էին՝ գիտակցության չգալով:
Ըստ նախնական վարկածի՝ ուղևորներին տեղափոխած «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին, ապա ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարին, որից հետո՝ մայթեզրի պատին:
Կատարվում է քննություն:










