Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն` «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով

15:23 • 10.09.12

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», արդեն 7-րդ տարին է, ինչ Թումանյանի ծննդավայրում `Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:

 

Այս մասին տեղեկացնում են Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնից:

 

Փառատոնի շրջանակում կազմակերպվող հանդիսություններն ու տիկնիկային ներկայացումները տարեցտարի ընդլայնում են իրենց աշխարհագրական շրջանակները, ընդգրկում հանրապետության նորանոր գյուղեր ու քաղաքներ և, իհարկե, մայրաքաղաքը: Մեծանում է նաև արտերկրի տիկնիկային թատրոնների հետաքրքրությունը դսեղյան փառատոնի նկատմամբ, որն արդեն իր արժանի տեղն է գրավել միջազգային այս կարգի փառատոնների ցանկում և որին անցած տարիներին մասնակցել են աշխարհի տասնյակ երկրների ճանաչված տիկնիկային թատրոններ ու ոլորտի վաստակաշատ գործիչներ:

 

2012-ին փառատոնի ծրագրում առանձնահատուկ շեշտադրում ունի մանուկների և գրականության կապը, և մի շարք ծրագրեր նվիրված են գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանին: Այդ առիթով փառատոնի շրջանակում տեղի կունենան Հովհաննես Թումանյանի, հայ մանկագիրների, անվանի գրողների գրքերի ցուցադրություններ, կներկայացվեն նրանց ստեղծագործությունների` մանուկների համար նախատեսված պատկերազարդ հրատարակությունները:

 

Փառատոնի գաղափարը «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» կենտրոնինն է, ինչը նպատակ ունի նպաստել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը, Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային տիկնիկային արվեստի զարգացմանը: Փառատոնի կազկոմիտեն նաև չափազանց կարևորում է հանճարեղ լոռեցու անմահ ստեղծագործությունների մասսայականացումը: Փառատոնի շնորհիվ աշխարհի 77 երկրներում արդեն գիտեն ու սիրում են Հովհաննես Թումանյանին, կարդում են նրա գործերը, ցուցադրվում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները:


«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնությունն աջակցություն է գտել մի շարք հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հիմնադրամների կողմից, որոնցից Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության Հիմնադրամը փառատոնի հիմնադիր հովանավորներից է: Փառատոնի կայացմանը մեծապես նպաստել և աջակցել են ՀՀ նախագահի աշխատակազմը, մշակույթի նախարարությունը, նաև գործարար ընկերություններ, որոնք իրենց բարեգործական ծրագրերի շրջանակներում ներառել են հայ մանուկներին այնքան մեծ ուրախություն պարգևող տիկնիկային արվեստը:


Այս տարի ևս, «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը հյուրընկալելու է թատրոններ, դերասաններ, տիկնիկավարներ ու տիկնիկագործներ Հունգարիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից: Փառատոնին մասնակցելու է նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից:

 

Հայաստան իր այցի օրերին Դադի Փուդումջին Հայաստանի մշակույթի նախարարի հետ քննարկելու է այս տարի Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության XXI համաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված և համաժողովի հավանությանն արժանացած նոր առաջարկ-նախաձեռնությունը` «Տիկնիկները հանուն խաղաղության Միջերկրականի ավազանի և արաբական աշխարհի երկրներում» ծրագիրը:

 

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին, Դսեղի կենտրոնական հրապարակում, հայ մեծանուն գրողի տուն-թանգարանի և հուշարձանի հարևանությամբ:

 

Փառատոնի բացման արարողությունից հետո կմեկնարկի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, այնուհետև կսկսվեն առաջին ներկայացումները: Առաջին անգամ փառատոնի ծրագրում ընդգրկված ներկայացումները կցուցադրվեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում, գյուղերում ու ավաններում:

 

Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր: Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության և տիկնիկագործության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդեսներ, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր: