Բարաք Օբաման հայտնվել է «ծանրաձողի» դերում (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդա նահանգի ռեստորաններից մեկում հայտնվել է «ծանրաձողի» դերում, գրում է YahooNews-ը:
Նախագահը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ֆլորիդա երկօրյա ուղևորության ժամանակ որոշել է կանգ առնել Big Apple Pizza & Pasta ռեստորանի մոտ և անակնկալ մատուցել այնտեղ գտնվողներին:
Երբ Օբաման ժպիտը դեմքին ներս է մտել, բոլորը, իհարկե, զարմացել են, իսկ ռեստորանի հաղթանդամ տերը` Վան Դազերը, շտապել է հարգարժան հյուրին դիմավորելու:
Օբաման, տեսնելով նրա թիկնեղ ուսերն ու մկանները, ասել է.«Ի՞նչ ես կարծում, եթե ես էլ այստեղի պիցցայից ուտեմ, քեզ նման ուժե՞ղ կլինեմ»: Այնուհետև ավելացրել է.«Դու, ի՞նչ է, ծանրամատի՞կ ես: Գիտե՞ս, դու կյանքումս տեսած ամենահաղթանդամ ռեստորանի տերն ես»:
Նախագահի գովեստներից Դազերն այնքան է ոգևորվել, որ նրան է փաթաթվել ու գետնից պոկել ` մի քանի վայրկյան Օբամային օդում պահելով:
Հանդիպման վերջում Դազերն ասել է, որ շատ է համակրում գործող նախագահին, և ինչպես 2008 թ.-ին, այնպես էլ այս տարի պատրաստվում է քվեարկել հենց նրա օգտին:










