Պոռնոամսագիրը Ռոմնիի մասին տվյալների համար պարգև է խոստացել

11:43 • 10.09.12

Ամերիկյան Hustler պոռնոամսագրի հրատարակիչ սկանդալային Լարի Ֆլինթը հայտարարել է, որ 1 մլն դոլար կվճարի նրան, ով իր ամսագրին տվյալներ կտրամադրի ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի ֆինանսական ակտիվների մասին, հայտնում է CNN-ը:

 

Առաջիկայում նախատեսվում է պարգևատրման մասին հայտարարությունները զետեղել Washington Post-ում և USA Today-ում:

 

Իսկ մինչ այդ, CNN-ը բառացիորեն հայտարարել է, որ «մինչև մեկ միլիոն դոլար կանխիկ գումար կտրվի այն տեղեկությունների համար, որտեղ կլինեն հանրապետականների նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի հարկային հայտարարագրերի կամ իր օշորային ակտիվների, բանկերում ունեցած հաշիվների կամ բիզնես համագործակցության մասին տվյալներ»:

 

Ռոմնին հրաժարվել է հրապարակել 2010-ին նախորդած տարիների իր ֆինանսական գործունեության տվյալները: Հունվարին նրա ներկուսակցական մրցակից Նյութ Գինգրիչը հայտարարել էր, թե Ռոմնին հարկային հատուկ արտոնություն ունի և իր ու «բոլոր ամերիկացիների» պես չէ, որ հարկեր է մուծում: Ռոմնին որոշակի արտոնություններ իսկապես ունի, քանի որ նա ու նրա կինը բարեգործությամբ են զբաղվում: Սակայն, այնուամենայնիվ, 1978-ի ԱՄՆ-ի Կոնգրեսի Էթիկայի պահպանման մասին օրենքի համաձայն՝ ֆինանսական տվյալների ամենամյա հրապարակումը պարտադիր է: