Շվեյցարահայ համայնքը Հունգարիայից պահանջել է հրապարակայնորեն դատապարտել Ալիևին
Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստի դեմ սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացված բողոքի ակցիան:
Բողոքի հանրահավաքը սկսվել է ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից Հելվեթիապլաց հրապարակում և տևեց մոտ 2 ժամ:
Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան և դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեցարական մասնաճյուղը և «Սևակ» միությունը:
Բողոքի ակցիային մասնակցել են հայ համայնքի մոտ 100 ներկայացուցիչ` Շվեյցարիայի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներից` Ժնևից, Ցյուրիխից, Լոզանից, Նյուշատելից, Արաուից, Լուգանոյից, ինչպես նաև, շվեյցարական հասարակության ներկայացուցիչներ:
Ելույթ են ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհրդական, Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը, խմբի գլխավոր քարտուղար Սարկիս Շահինյանը,
Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Անդրեաս Դրայզիբները, համայնքի երիտասարդական կառույցների ներակայացուցիչ Միգանուշ Բաղրամյանը:
Ելույթ ունեցողները քննադատել են Հունգարիայի իշխանությունների որոշումը, ինչպես նաև, շվեյցարական իշխանություններից պահանջել են հստակ դիրքորոշում արտահայտել Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների
գործողությունների առնչությամբ:
Ելույթներից հետո հայկական պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի դեսպանության աշխատակիցների հետ և դեսպանի հավատարմատարին հանձնել շվեյցարահայ համայնքի բաց նամակը:
Բաց նամակում արտահայտվում է հայ համայնքի խորը հիասթափությունն ու մտահոգությունը Հունգարիայի իշխանությունների որոշումից, դատապարտվում է Ադրբեջանի կողմից մարդասպանին ներում շնորհելու և հերոսացնելու քաղաքականությունը:
Հայ համայնքը Հունգարիայի կառավարությունից պահանջել է հրապարակայնորեն ճանաչել գործած սխալը, դատապարտել Ալիևի կողմից Սաֆարովին ներում շնորհելն ու հետ կանչել Բաքվում Հունգարիայի դեսպանին:










