Բելգիան ներողություն է խնդրել հրեաներից Հոլոքոստի համար
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն բելգիական կառավարության անունից ներողությունն է խնդրել երկրի հրեական համայնքից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին նացիստական համակենտրոնացման ճամբարներ արտաքսելու հիշատակի 70-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում, հայտնում է Интерфакс-ը:
«Վերջերս հրեական համայնքին ներողություններ են ուղղել Անտվերպեն և Բրյուսել քաղաքները: Մինչ այդ և նույնիսկ մինչ CEGES-ի (Ժամանակակից հասարակությունների և պատերազմի փաստագրության և ուսումնասիրման կենտրոն) հետազոտությունների արդյունքները, համապատասխան հայտարարություններ են եղել իմ նախորդներից մեկի՝ Գի Վերհովսթադի կողմից: Այսօր ես ուզում եմ միանալ դրան», - ելույթի ժամանակ ասել է վարչապետը:
Նա ելույթով հանդես է եկել Մեխելոնի մոտակայքում գտնվող Դոսին զորամասում, որը ճամբարներ ուղարկելուց առաջ ձերբակալված հրեաների անցումային կետն է եղել:










