Թալիբները խոստացել են սպանել արքայազն Հարիին

12:28 • 10.09.12

«Թալիբան» շարժման մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդն իրենց թիվ մեկ թիրախ է անվանել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին և խոստացել  գործադրել բոլոր ջանքերը նրան պատանդ վերցնելու կամ սպանելու համար, գրում է Life News-ը:

 

«Մեր պայքարը շարունակվում է, և այժմ մենք պատրաստ ենք համախմբել բոլոր ուժերն արքայազն Հարիին գերեվարելու համար: Իսկ եթե մեզ չհաջողվի նրան կենդանի գերեվարել, ապա կսպանենք նրան:  Բոլոր նրանք, ովքեր  ԱՄՆ-ի կողմից են, մեր թշնամիներն են: Ներկայում հենց արքայազնն է մեր թիվ 1 թիրախը»,- հայտարարել է Մոջահեդը:

 

Այս հայտարարությունն արվել է Հարիի` Աֆղանստան վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ նա ծառայելու է որպես «Ապաչ» ուղղաթիռի երկրորդ օդաչու:

 

Ըստ ամենայնի՝ զինված գրոհայինները կփորձեն խփել օդ բարձրացած Հարիի ուղղաթիռին: Այն դիպուկահարը, ում կհաջողվի անել դա, խոշոր դրամական պարգև կստանա:

 

Եթե Հարին գերի ընկնի, ապա թալիբները բրիտանական կառավարությունից կպահանջեն նրա կյանքի դիմաց միլիոնավոր ֆունտ սթերլինգների փրկագին կամ ազատ կարձակեն ազատազրկման մեջ գտնվող բազմաթիվ թալիբների դիմաց:

 

Սակայն Աֆղանստանում թագավորական օդուժն արդեն պաշտպանական միջոցներ է ձեռնարկել` Հարիին կցելով զինված թիկնազոր: