Տարոն Մարգարյանը շախմատի հայ չեմպիոններին դիմավորել է Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի Ազատության հրապարակում դիմավորել է Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին:
Ըստ Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ շնորհավորելով տղաներին փայլուն հաղթանակի համար, քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հայ ազգին հերթական անգամ մեծ ուրախություն պարգևելու համար և մաղթել նորանոր հաղթանակներ ու նվաճումներ միջազգային մրցաշարերում:
Այնուհետ հազարավոր երևանցիների ծափողջույնների և հիացական բացականչությունների ներքո Տարոն Մարգարյանը աշխարհի եռակի չեմպիոններին ուղեկցել է դեպի Ազատության հրապարակի բեմահարթակ, ուր նրանց պատվին կազմակերպվել էր տոնական համերգ:
Չեմպիոնների մեծարման արարողությունը եզրափակվել է տոնական հրավառությամբ:










