Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի վերջ. Դմիտրի Ադբաշյան
Լուսանկարը՝ PanArmenian Photo–ի
Ստեփանակերտի օդանավակայանը վաղուցվանից պատրաստ է և շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի վերջ: Այս մասին Tert.am –ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս, բազմիցս հայտարարվել էր, որ Սետափանակերտի օդակայանը պետք է շահագործման հանձնվի, սակայն այն հետաձգվել էր. սկզբում նշված էր այս տարվա ամառը, ապա՝ սեպտեմբերի սկիզբը:
Դմիտրի Ադբաշյանը հետաձգումները պայմանավորեց անկախ փորձագետների տեսչական այցերի արդյունքում կազմված ակտով առաջարկվող գործողություններով. մայիսին Ստեփանակերտ այցելած փորձագիտական խումբը ստուգել է՝ որքանով է օդանավակայանը համապատասխանում ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) նորմատիվներին, կազմվել է ակտ, որում Դմիտրի Ադբաշյանի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանին սկզբունքային դիտողություններ չեն արվել ո՛չ վազքուղու որակի, ո՛չ որևէ այլ հարցի հետ կապված, և միայն նշվել են որոշ մանր թերություններ:
«Մեծամասնությամբ ակտի մեջ նշել են տեխնիկական թերություններ: Այսինքն՝ այսինչ բանը չկա, ինչ պետք է արվի, որ մնացած թերությունները հեռացնենք»,– նշեց Դ. Ադբաշյանը:
Ըստ նրա՝ տեսչական հրահանգների գծով թերությունները 99 տոկոսով վերացված են, և հիմա արդեն ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը աշխատում է իրավաբանական դետալների վրա:
«Հիմա արդեն նեղ մասնագետների երկրորդ խումբը աշխատում է, որից հետո մենք մեր հրամանով թույլ կտանք օդակայանը մտցնել շահագործման»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը:
Վերջինս, ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և նրան ներում շնորհելու ու հերոսացնելու գործընթացներից, ինչպես նաև միջազգային աղմուկից հետո առկա են քաղաքական դրդապատճառներ, որոնք կրկին կհետաձգեն օդակայանի շահագործումը, պատասխանեց. «Ոչ մի հանգամանք չկա, որի վրա մեր ուշադրությունները դարձնենք ու հաշվի առնենք: Մենք մեր գործն ենք անում»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերահաստատել էր, որ օդակայանի գործարկումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման վրա, և կոչ էր արել կողմերին գործել միջազգային իրավունքի շրջանակներում և իրենց տարածքների վրայով թռիչքների ընթացիկ պրակտիկային համապատասխան:
Սակայն, ադրբեջանական կողմը բազմիցս Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության տարբեր տրամագծի պաշտոնյաների մակարդակով սպառնացել էր, որ Ղարաբաղի երկնքում ցանկացած օդանավ կընդունի որպես ոտնձգություն և քայլեր կձեռնարկի՝ համարելով դա որպես օդային սահմանների խախտում:
Ամենաբարձր մակարդակի հայտարարությունն արվել էր 2011 թ. մարտին Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության տնօրեն Արիֆ Մամեդովի կողմից, որը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն իրավունք ունի ոչնչացնելու օդակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները:
Սրան հետևել էր նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն առ այն, որ ադրբեջանական հայտարարությունները հիվանդ մարդկանց ելույթներ են: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայություններից: Կարող եմ ասել մեկ բան` այդ ինքնաթիռի առաջին ուղևորը լինելու եմ ես` ՀՀ նախագահը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին հայտարարվել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը մեկ ժամում 100 ուղևորի է սպասարկելու, և փոխադրումներն իրականացնելու է Air Artsakh ավիաընկերությունը:
Դմիտրի Ադբաշյանն ասաց, որ այդ ընկերությունն այլևս գոյություն չունի և «առհասարակ «պլանները փոխվել են»։
Նա նշեց, որ այս շրջանում ԼՂՀ քաղավիացիային դիմում են տարբեր ընկերություններ՝ թռիչքներ իրականացնելու համար, սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ, «թե ով պետք է թռնի, ով՝ ոչ»:
Դմիտրի Ադբաշյանը չցանկացավ մեկնաբանել՝ արդյո՞ք դիմողների թվում է եղել նաև ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիան» կամ ՌԴ ավիաընկերություններ, սակայն ասաց. «Ռուսականները՝ հաստատ»:










