«Ալ Կաիդա»-ի առաջնորդի եղբայրն Արևմուտքին առաջարկել է խաղաղություն կնքել իսլամիստների հետ

09:05 • 11.09.12

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդի եղբայր Մուհամեդ ազ Զավահիրին հայտարարել է իսլամիստների ու Արևմուտքի միջև խաղաղության հաստատման հարցում միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին, հայտնում է CNN-ը: Նա հեռուստաալիքն տված հարցազրույցում նշել է, որ ձգտում է հասնել աշխարհի մուսուլմանների և ոչ մուսուլմանների միջև խաղաղության հաստատման:

 

«Ես չեմ ներկայացնում որևէ խմբավորում: Իմ դերը որպես միջնորդ հանդես գալն է Արևմուտքի ու իսլամիստների միջև: Սա շատ բարդ խնդիր է»,- ասել է նա:


Նա 6 էջանոց առաջարկ է պատրաստել, որը ենթադրում է 10 տարի ժամկետով խաղաղության պայմանագրի կնքում՝ Արևմուտքի կողմից մի քանի պայմանների կատարման դեպքում, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Արևմուտքը պետք է հրաժարվեն մուսուլմանական տարածքներ ներխուժումից և իսլամի դեմ պատերազմից և այլն:


Ի պատասխան՝ իսլամիստները կպարտավորվեն դադարեցնել հարձակումներն Արևմուտքի վրա և չեն հրահրի նոր բախումներ:


«Եթե այս գաղափարը հաղթեր, ապա սեպտեմբերի 11-ը չէր լինի (ԱՄՆ-ում, 2001թ.-ին)»,- ասել է նա: