ՀՀ դեսպանի և Լիբանանի նախագահի հանդիպման ժամանակ խոսվել է հունգարա-ադրբեջանական գործարքի մասին

10:46 • 11.09.12

Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:



Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը:

 

Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության և շարունակական աջակցության համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի և տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

 

ՀՀ դեսպանը նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաև մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ:

 

Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել և խորը անհանգստություն են արտահայտել հունգարա ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաև Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջև:

 

Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:

 

Նախագահ Սլեյմանը խնդրել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:

 

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին: Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: