Երիտասարդ հայ խորհրդարանականն ինքնասպանություն է գործել Սոչիում

14:47 • 11.09.12

Սոչիի կենտրոնում՝ Սվետլանովյան կամրջի վրա, զբոսաշրջիկների աչքի առաջ կյանքին վերջ է տվել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը, հայտնում է Life News-ը:

 

Սոչիի քաղաքային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի 20-ամյա պատգամավորը ցած է նետվել 27 մ բարձրությամբ կամրջից, հակառակ անցորդների աղաղակումների, ովքեր փորձել են կանգնեցնել նրան:

 

Իրավապահները Life News-ին տեղեկացրել են, որ «լավ հագնված, կաշվե պորտֆելով երիտասարդը մարդկանց ուշադրությունը գրավել է նրանով, որ նրա հեռախոսն անընդհատ զանգել է, իսկ նա արհամարհել է դրանք»: Անցորդների աչքի առաջ նա անցել է բազրիքի վրայով և ցած նետվել:

 

Անցորդները պատմել են, որ բազրիքի մյուս կողմն անցնելուց հետո, երբ հեռախոսը լռել է, երիտասարդը մի պահ կանգ է առել՝ բռնելով կամրջից, սակայն կրկին զանգ է հնչել, և նա վճռել է ցած նետվել:

 

Խոստումնալից երիտասարդ քաղաքական գործիչը հայտնի էր խաղասրահների ու ապօրինի կայանատեղիների դեմ իր պայքարով:

 

Նախնական տվյալներով՝ ինքնասպանության պատճառն ընտանեկան անախորժությունն է: Ավագյանի ընկերները պատմել են իրավապահներին, որ նա բարդ հարաբերություններ է ունեցել հոր հետ: