Հնդկաստանում ծաղրանկարչին ձերբակալել են կոռուպցիան քննադատելու համար
Հնդիկ ծաղրանկարիչ Ասիմ Տրիվեդին ձերբակալվել է իր աշխատանքներով անհնազանդության դրդելու և Հնդկաստանի կառավարությանը վիրավորելու համար, հայտնում է Times of India-ն:
Ծաղրանկարիչը «Հնդկաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման ակտիվիստ է և իր աշխատանքներում թիրախ է դարձնում իշխանական շրջանակներում տիրող կոռուպցիան:
Նրա աջակիցները նշում են, որ սա իշխանությունների կողմից անհանդուրժողականության դրսևորում է, ոտնձգություն՝ խոսքի ազատության դեմ:
Արվեստագետը հարցաքննության էր կանչվել Բոմբեյում, ինչից հետո ձերբակալվել էր: Նա կալանքի տակ կպահվի առաջիկա մեկ շաբաթը:
Հնդկական օրենքների համաձայն՝ Տրիվեդիին կարող է նաև ցմահ ազատազրկում սպառնալ:










