Բոլիվիայի ֆիլմային մարաթոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. այն տևել է 200 ժամ, 30 րոպե, 50 վայրկյան(լուսանկարներ)

11:49 • 11.09.12

Շատերի ընտրությունն ամենասիրելի զբաղմունքի հարցում, անկասկած, կանգ է առնում ֆիլմ դիտելու վրա, սակայն երբ դա տևում է 200 ժամից ավելի, արդեն խելահեղություն է, գրում է «Օդիթի Սենթրալը»-ը:

 

Սեպտեմբերի 1-ին Բոլիվիայի խոշորագույն 3 քաղաքներում` Լա Պազում,Կոչաբամբայում և Սանտա Կրուզում, միաժամանակ մեկնարկել է Ֆիլմադիտման ամենաերկար մարաթոնը, որի հաղթող է ճանաչվել միանգամից 2 երիտասարդ՝ Ռոնալդ Սուլարն ու Հուբեր Ֆելիպեսը: Նրանք 200 ժամ, 30 րոպե, 50 վայրկյան անդադար տարբեր ժանրերի ֆիլմեր են դիտել:

 

Նրանց հաջողվել է հաղթել մյուս 1 400 մասնակիցներին, ինչի դիմաց «վարձատրվել» են 10 հազար դոլարով:

 

Մարաթոնի կանոնները բավական խիստ են եղել. մասնակիցները պետք է կատակերգության, ողբերգության, էքշն և այլ ժանրերի ֆիլմեր դիտեն` դրանցից յուրաքանչյուրից հետո ունենալով 15 րոպե ընդմիջում, ինչպես նաև կես ժամանոց նախաճաշ:

 

«Ֆիլմային» մարաթոնի ողջ ընթացքում կինոդահլիճներում ներկա են գտնվել բժիշկները, ովքեր ուշի ուշով հետևել են մասնակիցներին, ինչպես նաև օգնել են կանխել դոպինգների ընդունման դեպքերը:

 

Մեկշաբաթյա անդադար ֆիլմադիտումից հետո ընդամենը 9 մարդու է հաջողվել անցնել եզրափակիչ և շարունակել հետագա պայքարը բաղձալի 10 հազար դոլարի համար: Մարաթոնն ավարտվել է նախօրեին՝ ազդարարելով հաղթողներին: