Վերահսկիչ պալատը վատ վիճակի մեջ է դնում Գլխավոր դատախազությանը. Գագիկ Ջհանգիրյան

16:24 • 11.09.12

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այսօր ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2011 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայտնաբերված չարաշահումները քրեաիրավական շարունակություն չեն ունենում՝ ելնելով արձանագրված չարաշահումների տուգանքների չափերից:


«2008-ից հետևում եմ ձեր հաշվետվություններին և եկել եմ այն եզրակացության, որ մի քանի տասնյակ միլիարդ դրամի չարաշահումներ եք հայտնաբերել: Մինչդեռ, դուք ձեր գնահատականներում նշում եք՝ մենք իրավաբան չենք, դատախազ չենք, որ գնահատական տանք: Ինչո՞ւ քրեաիրավական որակավորումներ եք տալիս, բայց դրանց շարունակություն չի տրվում»,- հարցրեց պատգամավորը:


Ջհանգիրյանը խոսքով, այսքան ժամանակ իրենք չեն լսել, որ այդ խախտումների համար «միջինից բարձր չինովնիկ ենթարկվի քրեական պատասխանատվության», ուստի, նրա պնդմամբ՝ դրանով. «Գլխավոր դատախազությունն է վատ վիճակում հայտնվում, իսկ Վերահսկիչ պալատի զեկույցները ջրվում են»:


Իշխան Զաքարյանը խոստովանեց. «Խնդիրներ կան, և դրանք պետք է նայել: Պետք է օրենքում մեխանիզմներ ստեղծվեն, պետք է այդ գործերը գնան ուր որ հարկն է, կամ չգնան, ուստի ակնկալում ենք ԱԺ-ի աջակցությունը»:


ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Վերահսկիչ պալատը ստուգումներ չի իրականացնում:


Իշխան Զաքարյանը նշեց, որ իրենք դրա իրավունքը չունեն, քանի որ ՎՊ-ն ստուգումներ իրականացնում է այն կազմակերպություններում, երբ պետությունը 50% բաժնեմաս է ունենում, իսկ «ՀայՌուսգազարդ»-ում, պետության բաժնեմասը՝ 20% է: