Ադրբեջանն ու Թուրքիան Սաֆարովի միջոցով փորձում էին փչացնել Թեհլերյանի կերպարը. Հայկ Դեմոյան
Ադրբեջանն ու Թուրքիան ջանքեր չէն խնայում ի դեմս Ռամիլ Սաֆարովի կերտել մի կերպար, որը պետք է լուծեր մի քանի հարցեր, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Առաջին հերթին այդ կերպարը պետք է լիներ պսևդոթեհլերյանը: Դա ձեռք էր տալիս թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմին: Բոլոր դատական նիստերին, բացի ադրբեջանական կողմից, թուրքական դեսպանատնից ներկա են եղել 3-4 հոգի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նրան միջև եղել են ներքին խորհրդակցություններ։
«Նրանց պետք էր Թեհլերյանի միֆը փչացնել, ներկայացնել ադրբեջանական «ողբերգությունը, կերտել նոր հերոսի՝ թեհլերյանական հերոսի կերպար»,- ասաց Դեմոյանը, ով 2004-2006 թթ. մասնակցել է Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի դատական բոլոր նիստերին ու ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Սաֆարովը կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլին նա հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին արտահանձնվել Բաքվին, որտեղ արժանացել էր նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: Նրան շնորհվել էր մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան:
Ըստ Հայկ Դեմոյանի՝ Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկում ստանալուց հետո դարձել էլ ընդամենը օգտագործված մի նյութ, սակայն այսօր այն պետք էր միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Ալիևը լուրջ խնդիրներ ունի արտաքին ու ներքին քարոզչության մեջ: Ադրբեջանը տարվա ընթացքում լուրջ հարված էր ստացել եվրատեսիլի ժամանակ: Այն դարձավ մի խողովակ, որի միջոցով Ադրբեջանի վրա լցվեց միջազգային բոլոր տեսակի ցեխն ու կեղտը»– ընդգծեց նա:
«Սակայն խնդիրը միայն Ադրբեջանի վարկանիշը միջազգային լսարանում մաքրվելը չէր: Խնդիրը ներքին լսարանում մի փոքր հայրենասիրական ալիք բարձրացնելն էր»,- ավելացրեց նա:
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը Իլհամ Ալիևին կրկնակի հանցագործ է համարում, քանի որ նա ոչ միայն խախտել է երկրի օրենսդրությունը, այլ նաև դատական նիստերի ընթացքում բացահայտել Ադրբեջանի ու Թուրքիայի համար վտանգավոր գաղտնիք:
«Ծնունդով ադրբեջանցի և ադրբեջանական բանակի սպա Սաֆարովը, իր հոգեբանական և ռազմական պատրաստվածությամբ թուրքական բանակի սպա էր: Առաջին ցուցմունքը տալու ժամանակ հայտարարել է, որ տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքներին ինքը սովորել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազաներում»,– ասաց նա:
«Սա նշանակում է, որ Թուրքիան իր կողմից օկուպացրած Եվրամիության տարածքում մարզում է ադրբեջանցի մարդասպանների»,- նշեց Հայկ Դեմոյանը և ընդգծեց, որ Ադրբեջանում հերոսի կոչում տրվեց ռազմական հանցագործին:










