Մարսելի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կկրեն շարունակական բնույթ. քաղաքապետ

13:11 • 11.09.12

Երևանի ավագանին հաստատել է Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի վերակառուցում, այն ծառայելու է ինչպես դպրոցի, այնպես էլ հարակից տարածքի բնակչության համար, նաև նախատեսված է սեմինարների անցկացում, տեխնիկական այցեր, փորձի փոխանակում:


Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

 

Համաձայնագրով նախատեսված վարչական և ֆինանսական համակարգումը կիրականացվի միջազգային եվրոպական դեպարտամենտի կողմից:

 

«Այս տարի Մարսել կատարած այցի շրջանակում մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ Մարսելի քաղաքապետի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա իրականացվող այս նախագիծը համոզված եմ կկրի շարունակական բնույթ և կնպաստի երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է համագործակցության շրջանակում նոր գաղափարներ կյանքի կոչել»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյան: