Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարին

14:34 • 11.09.12

Այսօր կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը և արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:


Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ ընդգծել է, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով և ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:


Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:


Բանակցությունների օրակարգում եղել են Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրել են Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:


Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մանրամասն ներկայացրել է Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը: