Սեյրան Օհանյանն ընդունել է Գերմանիայի ԶՈւ գործողությունների հրամանատարության ղեկավարին
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Գերմանիայի ԶՈւ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով Ռայներ Գլացի ղեկավարած պատվիրակությանը՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը։
«Հայ զինծառայողներն արդեն երկու և կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում՝ ԳԴՀ և այլ երկրների զինծառայողների հետ համատեղ: Այդ հաջողության բանաձևը հիմնված է հայ-գերմանական ջերմ և բարեկամական հարաբերությունների վրա»,- ընդգծել է պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին:
Այնուհետև Սեյրան Օհանյանը գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի փորձը միջազգային խաղաղարար գործողություններում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի և պրոֆեսիոնալ են»:
Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները:










