Apple-ն այժմ էլ դատական հայց է ներկայացրել լեհական նմանատիպ անվանումով ընկերության դեմ
Վերջերս ամերիկյան դատարանում հարավկորեական Samsung ընկերության դեմ տարած հաղթանակից հետո, ամերիկյան Apple-ն այս անգամ որպես հակառակորդ է ընտրել ոչ այնքան խոշոր մի ընկերության՝ առցանց սննդամթերք վաճառող լեհական A.pl. -ին, հայտնում է ru.reuters.com-ը:
Լեհաստանի արտոնագրային ծառայությունից հայտնել են, որ iPad, iPhone և iPod արտադրողը մեղադրում է լեհական կայքին իր ապրանքանիշում Apple-ի խորհրդանիշերից մեկն օգտագործելու և իր անվան հաշվին գնորդներ գրավելու մեջ:
«Apple բրենդը շատ հայտնի է: Ընկերությունը հաստատում է, որ օգտագործելով հնչեղությամբ մոտ անվանումը՝ A.pl.–ն օգտագործել է Apple-ի հեղինակությունը»,- ասել է Արտոնագրային ծառայության ներկայացուցիչ Ադամ Տաուկերտը:
A.pl.–ի ղեկավար Ռադոսլավ Սելինսկին ամերիկյան ընկերության մեղադրանքը «ծիծաղելի» է անվանել: Ընկերությունը, որն արդեն չի օգտագործում տվյալ ապրանքանիշը, ուսումնասիրում է Apple-ի միջնորդությունը:
Դատական նիստի անցկացման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:










