Հայ ոստիկանը հերոս է դարձել Կուբանում՝ փրկելով գետն ընկած երեխային

14:40 • 12.09.12

Կուբանում հայտնի է դարձել հայ ոստիկանի հերոսական արարքի մասին: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ի կայքը, ավագ լեյտենանտ Աշոտ Գրիգորյանը, նետվելով լեռնային գետը, փրկել է 5-ամյա աղջնակին:

 

Դեպքը տեղի է ունեցել Չեմլիկ գետում: Ավագ լեյտենանտ Գրիգորյանն իր հանգստյան օրը մեքենայով տուն գնալիս է եղել, երբ նկատել է, որ 5-ամյա Անյա Կոզենկոն, բաց թողնելով մոր ձեռքը, կատվի հետևից վազում է դեպի գետը: Աղջիկը 5 մետր բարձրությունից ընկել է գետն ու սկսել խեղդվել:

 

Մոր բարձրացրած աղմուկ-աղաղակի վրա մարդիկ են հավաքվել, սակայն միայն Գրիգորյանն է համարձակվել սառը լեռնային գետը նետվել: Ոստիկանին հաջողվել է փրկել ուժեղ հոսանքի ճիրաններում հայտնված աղջնակին:

 

Արդեն գետափին ոստիկանը նաև առաջին բուժօգնություն է ցուց տվել գիտակցությունը կորցրած երեխային: Աշոտը ստիպված է եղել մի քանի անգամ արհեստական շնչառություն և սրտի մերսում անել: Երբ բոլորն արդեն կորցրած են եղել հույսը, աղջիկն ուշքի է եկել:

 

Ուշագրավ է, որ հայ ոստիկանը չի բարձրաձայնել իր արարքի մասին: Նրա գործընկերներն այդ մասին իմացել են պատահաբար, երբ փրկված երեխայի հայրը շնորհակալական նամակ է ուղարկել ոստիկանություն, մանրամասնում է Life News-ը:

«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Ես վարվել եմ այնպես, ինչպես պետք է վարվի յուրաքանչյուր մարդ, եթե լիներ իմ փոխարեն», - ասել է հերոսացած ոստիկանը: