ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ է հավակնում դառնալ մեր հայրենակիցը
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել մեր հայրենակից Աշոտ Հայրապետյանը, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Ինչպես հայտնում է «Երկրամաս»-ի Տեղեկատվական կենտրոնը, այժմ Խորհրդի կայքում քվեարկություն է ընթանում բոլոր առաջադրված թեկնածուների օգտին:
Ներկայում Աշոտ Հայրապետյանը ղեկավարում է Միջազգային համագործակցության կենտրոնը և 10 տարուց ավելի զբաղվում միջազգային հակամարտությունների և արմատական օտարատյացության կանխարգելմամբ:
Հայրապետյանն ու նրա գործընկերները բազմիցս ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և ԵԱՀԿ ամբիոններում բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցը` նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հարցի վրա և հասնել ոճրագործության դատապարտմանը:
Դառնալով ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ` Հայրապետյանին հնարավորություն կընձեռվի հնարավորինս արդյունավետ օգնել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվում են պաշտոնյաների, իրավապահ մարմինների կամ այլ կառույցների կողմից:










