Ռուսաստանի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանն այցելել է հայրենի գյուղ (լուսանկարներ)

08:28 • 12.09.12

Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ձյուդոյի մրցաշարում ոսկե մեդալ նվաճած և ընդհանրապես Լոնդոն-2012-ի ժամանակ Ռուսաստանին առաջին ոսկե մեդալը պարգևած Արսեն Գալստյանը սեպտեմբերի 9-ից գտնվում է հայրենիքում, իսկ սեպտեմբերի 11-ին այցելել է  հայրենի գյուղ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր:


Tert.am-ի հետ զրույցում Արսեն Գալստյանը նշեց, որ հաղթանակից հետո առաջին անգամ է հայրենիքում և հպարտ է, որ ներքին կարմիրաղբյուրցի է:


«Ես այստեղ մեծ ընդունելության արժանացա թե՛ իմ համագյուղացիների կողմից, թե՛ գյուղապետի: Շնորհակալ եմ բոլորից, սա ինձ շատ է ոգևորում: Առաջին անգամն է, որ հայրենիքում եմ Ռուսաստան տեղափոխվելուց հետո: Շատ հարազատներ ունեմ այստեղ», - ասաց Արսենը Գալստյանը, ով Ներքին Կարմիրաղբյուրում է ապրել Արցախյան հերոսամարտի տարիներին:


Չեմպիոնի ընտանիքը Ռուսաստանում բնակություն է հաստատել 1996թ-ից, երբ նա 7 տարեկան էր: Արսեն Գալստյանը ձյուդո սկսել է պարապել 9 տարեկանից և, իր իսկ խոսքերով, այս հաղթանակի համար շատ երկար է պարապել:


«Շատ կուզենայի Հայաստանը ներկայացնել օլիմպիական խաղերին, բայց այստեղի սոցիալական պայմաններից ելնելով չեմ կարող դա անել: Արդեն երկար տարիներ է, որ ապրում ենք Ռուսաստանում և այնտեղ հարմարվել եմ ամեն ինչի հետ»,- ասաց նա:


Իր անձնական կյանքին անդրադառնալով՝ Արսեն Գալստյանը տեղեկացրեց, որ ամուսնացած չէ, ավելին՝ նրա սիրտը ազատ է:


Ներքին Կարմիրաղբյուրի պրոֆեսոր Լևոն Ադամյանի անունը կրող դպրոցի մարզադահլիճը սեպտեմբերի 11-ին անվանակոչվեց Արսեն Գալստյանի անունով:


Չեմպիոնը այսօր նաև մկրտվեց իր հայրենի գյուղում՝ վերջերս տեղադրված խաչի մոտ, իսկ նրա կնքահայրը դարձավ գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
 


Լուսանկարները՝ Մհեր Փարսյանի