Քաղաքագետ Լևոն Շիրինյանը տպավորված է Արևմտյան Հայաստանի խնամվածությամբ և ճանապարհների ասֆալտով

16:03 • 12.09.12

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Վան» նախագծի շրջանակներում Արևմտյան Հայաստան մեկնած հայկական արշավախմբի հետ սեպտեմբերի 11-ին վերադարձել է Հայաստան և այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը ներկայացրեց իր տպավորությունները։

 

«Արևմտյան Հայաստանը հայերինն է, բայց գտնվում է Թուրքիայում և բնակեցված է քրդերով: Դա շատ հակասական իրավիճակ է, որը մշակութային ենթաշերտ ունի»,–ասաց քաղաքագետը:


Վերջինս նկատեց, որ Արևմտյան Հայաստանն իրեն ներկայացավ կանչողի տեսքով:

 

Լևոն Շիրինյանի մոտ, հատկապես, տպավորվել էր այն, որ. «Արևմտյան Հայաստանն արտաքինից շատ խնամված տեսք ուներ, երևում էր պետության ներկայությունը: Շշմեցնելու էին, հատկապես, Էրզրումից բոլոր ճյուղավորումներով գնացող, Չարենցի ասած, ճանապարհները, մայրուղիներ, որտեղ ոչ մի կարկատան չկա, փոս չկա, ասֆալտե երկրորդ շերտ չկա»,- ասաց նա և նշեց, որ դա հուշում է այն մասին, որ տարածաշրջանում կա ֆինանսական ներդրումներ իրականացնելու պատրաստակամություն:


Նրա աչքից չէր վրիպել նաև այն, որ Թուրքիան Արևմտյան Հայաստանում խնամքով վերացվում է հայկականությունը. «Հայ մշակույթի հետքերը վերացվում են հետևողականորեն: Ես ուսանող երիտասարդությանը կոչ եմ անում, վրացական աղտոտ ջրերում լողանալու փոխարեն գնալ հայրենիք»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Արևմտյան Հայաստան էր մեկնել նաև նշված ծրագրի նախաձեռնողներից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, ով նշեց, թե այցը Արևմտյան Հայաստան՝ իրականացված ծրագրի միայն մի մասն է, քանի որ նպատակ ունեին ուսումնասիրել ու տարածել հայկական բարձրավանդակի ոչ նյութական՝ մշակութային ժառանգությունը:



«Մեր նպատակն է այնտեղ արթնացնել հայկական շունչը, այսպես կոչված, արթնացնել քնած ծիլերը: Դեռևս անցյալ տարի փորձեցինք Վան քաղաքում հայկական մեծ համերգ կազմակերպել, սակայն չստացվեց՝ տեղի ներքաղաքական խնդիրների պատճառներով, բայց այս տարի ստացվեց»,- ասաց պատգամավորը և մանրամասնեց, որ համերգային փառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Վան քաղաքում:

 

«Մեծ թվով ժողովուրդ էր հավաքվել՝ շուրջ 15 000 մարդ, փայլուն ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական անսամբլը»,- ասաց նա և նշեց, որ համերգից հետո՝ կիրակի օրը, Վանի Աղթամար եկեղեցում տեղի է ունեցել ամենամյա պատարագը, որը թուրքական իշխանությունների թույլտվությամբ անցկացվում է տարին մեկ անգամ:

 


«Բազմաթիվ հայեր էին հավաքվել աշխարհի տարբեր երկրներից, հիմնարկում արևմտահայեր էին, սակայն եկել էին նաև տեղացի հայեր, որոնք, ի ուրախություն բոլորիս, եկել էին և բացահայտ արտահայտվում էին իրենց ազգային պատկանելության մասին»,- ասաց պատգամավոր Արագած Ախոյանը և նշեց, որ եթե Ստամբուլի հայերը կարողանում են բարձրաձայնել իրենց ազգային պատկանելության մասին, ապա Մուշի, Վանի, Դիարբեքիրի հայերը թաքցնում են իրենց ինքնությունը, սակայն այդ միջոցառման ժամանակ նրանք, առանց վախենալու, եկել ու միացել էին ներկա գտնվող հայերին:


ԱԺ պատգամավորի տեղեկացմամբ, միջոցառմանը ներկա էին նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: