Միացե՛ք «Հայաստանն առանց աղբի» բնապահպանական ակցիային
«Մենք կարո՛ղ ենք, աշխարհ» ( Let’s Do It! World) համաշխարհային շարժման շրջանակներում` «Հայաստանն առանց աղբի» բնապահպանական ակցիան իրականություն կդառնա սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Այս մասին տեղեկացնում են «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությունից:
«Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից»,- հայտնում են նախաձեռնության անդամները, կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանն ու ներդրմանը:
Տեղեկացվում է, որ նրանք ովքեր ցանկանում են միանալ մաքրման աշխատանքերին, այստեղ կարող են գտնել մասնակից կազմակերպությունների ցանկը, մաքրման աշխատանքների համակարգողների կոնտակտային տվյալները և մաքրման վայրերը:
Նախաձեռնության անդամներն առաջարկում են՝ ընտրել ցանկում նշված վայրերից մեկը, այդ մասին տեղեկացնել համակարգողին, վերցնել ձեռնոց ու տոպրակ և մաս կազմել համահայաստանյան ամենալայնածավալ բնապահպանական ակցիային:










