Գիտնականներն ածխածնի երկօքսիդի տեսքով ձյան տեղումներ են նկատել Մարսի վրա

11:27 • 12.09.12

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի գիտնականները, շնորհիվ Մարսի ուղեծրի վրա գտնվող MRO տիեզերանավի հաղորդած տվյալների, առաջին անգամ ապացույցներ են ստացել այն մասին, որ Կարմիր մոլորակի վրա ձյան տեղումներ են լինում սառած ածխածնի երկօքսիդի տեսքով, գրում է News.mail-ը:

 

«Սրանք առաջին հստակ փաստերն են, որոնք ապացուցում են Մարսի վրա ածխածնի երկօքսիդից կազմված ամպերի գոյության մասին: Փաստորեն այդ ամպերն այնքան խիտ բաղադրություն ունեն, որ դրանցից ձյուն է տեղում»,- ասել է հետազոտական աշխատանքների ղեկավար Փոլ Հեյնը:

 

Նրա գլխավորած հետազոտական թիմն ավելի վաղ Մարսի վրա հայտնաբերել էր «սառը հետքեր», որոնց վերևում էլ գտնվել են ածխածնի երկօքսիդի ամպերը: Իսկ այդ հատվածներում մոլորակի մակերեսին եղյամ է հայտնաբերվել:

 

«Այժմ վստահ կարելի է ասել, որ եղյամն առաջացել է ձյան տեղումների հետևանքով»,-նշվում է գիտնականների հրապարակած զեկույցում:

 

Ածխածնի երկօքսիդի տեսքով ձյան տեղումներն առաջին անգամ նկատվել են մոլորակի հարավային կիսագնդի վրա ձմեռային սեզոնին` 2006-2007 թթ.-ին: Այն ժամանակ գիտնականները հայտնաբերել են հսկայական ` 500 կմ երկարությամբ ածխածնային երկօքսիդի ամպեր:
 

Գիտնականներն ածխածնի երկօքսիդի տեսքով ձյան տեղումներ են նկատել Մարսի վրա