Համացանցի օգտատերերը շուրջ 700 հազար դոլար են նվիրաբերել բարոյական վնաս կրած ամերիկուհուն
Աշխարհի 80 երկրներից տասնյակ հազարավոր օգտատերեր ավելի քան 700 հազար դոլար գումար են նվիրաբերել ամերիկյան Ռոչեսթեր քաղաքի բնակչուհի Կարեն Քլեյնին, ով դպրոցական ավտոբուսում ենթարկվել էր ծաղրուծանակի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավտոբուսի հսկիչ աշխատող 68-ամյա կինն ամիսներ առաջ ծաղրուծանակի էր ենթարկվել ավտոբուսում գտնվող 12-13 տարեկան աշակերտների կողմից: Սկզբում Քլեյնն ամեն կերպ փորձել է չարձագանքել, սակայն վերջիվերջո դեռահասների վիրավորական խոսքերը ստիպել են կնոջն արտասվել:
Այս միջադեպի մասին երևի թե հայտնի չդառնար, եթե ավտոբուսի ուղևորներից մեկն այդ ամենը չնկարահաներ բջջային հեռախոսով: Դրանից հետո սկանդալային տեսանյութը հայտնվել է YouTube ժամանցային կայքում, որտեղ այն գրանցել է 2.2 մլն դիտում:
Տեսանյութից խորապես ազդված համացանցի օգտատերերը որոշել են դրամահավաք կազմակերպել, որպեսզի հավաքված գումարով Քլեյնը կարողանա հանգստի մեկնել և փոքր- ինչ ցրվել: Արդյունքում հավաքվել է 703 833 դոլար, որի քարտը պաշտոնապես հանձնվել է կնոջը:
Ինչ վերաբերում է խուլիգան դեռահասներին, ապա նրանք այդպես էլ ներողություն չեն խնդրել կնոջից, սակայն պատժվել են` 1 տարի հեռացվելով դպրոցից:










