Pussy Riot-ին աջակցելու համար արևմտյան ռոք աստղերին 100 հազարական եվրո են առաջարկել. ամերիկացի քաղաքագետ

11:57 • 12.09.12

Ռուսական մի PR գործակալություն (անվանումը չի նշվում), որը նախկինում համագործակցել է Ռուսաստանից փախած օլիգարխ Բորիս Բերեզովսկու հետ, արևմտյան ռոք աստղերին առաջարկել է 100 հազարական եվրո` մեծ աղմուկ հանած Pussy Riot պանկ ռոք խմբի աղջկներին աջակցություն հայտնելու դիմաց: Ինչպես փոխանցում է vz.ru-ն, այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Ուիլյամ Դանքերլին Россия 1 հեռուստաալիքի եթերում:

 

«Նյու Յորքում ես հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի հարցերով հայտնի փորձագետ Ալեքս Գոլդֆարբի հետ, ով այդ ժամանակ զբաղվում էր Pussy Riot-ի օգտին դրամահավաքությամբ: Հենց նա էլ ինձ պատմել է մի PR գործակալության մասին, որը 100 հազար եվրո է առաջարկում ցանկացած ռոք աստղի, ով իր աջակցությունը կհայտնի Pussy Riot-ին»,-հայտարարել է Դանքերլին:

 

Քաղաքագետը հեռուստադիտողների ուշադրությունը հրավիրել է նաև այն կարևոր հանգամանքի վրա, որ ժամանակին այդ գործակալությունը զբաղվել է ընդդիմադիր Բերեզովսկու PR-ով:

 

«Ես այս հարցում հստակ կապ եմ տեսնում Բերեզովսկու և գործալության միջև: Օլիգարխը բազմիցս հայտարարել է, որ կցանկանար փոխել Ռուսաստանի կառավարությունը և դրա համար պատրաստ է ապստամբություն կազմակերպել»,- եզրափակել է քաղաքագետը:

 

Ավելի վաղ Pussy Riot-ին իրենց աջակցությունն են հայտնել Մադոննան, Դենի դե Վիտոն, Sex Pistols-ի նախկին մենակատար Ջոն Լայդոնը, Red Hot Chili Peppers –ի անդամ Էնթոնի Քիդիսը, ինչպես նաև Franz Ferdinand խմբի անդամները:

 

Այս տարվա փետրվարի 21-ին Pussy Riot խմբի անդամները կիսամերկ պարել են Փրկչի տաճարի խորանի մոտ` բղավելով.«Տիրամա՜յր, վռնդի՜ր Պուտինին»: Այժմ խմբի 3 անդամները 2-ական տարվա ազատազրկման են դատապարտվել, իսկ մնացածի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: