Ֆլորենցիայում բացվել են «Դրախտի դարպասներ»-ը
Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` քանդակագործ Լորենցո Գիբերտիի գլուխգործոցը համարվող «Դրախտի դարպասներ»-ը 27 տարվա վերականգնողական աշխատանքներից հետո վերջապես բաց են հանրության առջև:
Ինչպես նշում է Corriere della Sera-ն, խոսքը 16-րդ դարում ստեղծված Ֆլորենտինյան բապտիստերիայի արևմտյան դռների մասին է, որոնք Միքելանջելոն անվանել է «Դրախտի դարպասներ»:
Ոսկուց և բրոնզից պատրաստված այս գլուխգործոցը կրոնական թեմայով 10 դրվագ է ներկայացնում Հիսուս Քրիստոսի և 4 քարոզիչների կյանքից:
27 տարի տևած վերականգնման աշխատանքները հնարավորություն տվեցին փրկել արվեստի հազվագյուտ այս նմուշը:
Սակայն օրիգինալ դռները փոխարինվել են դրանցից չտարբերվող, 1990 թ.-ին պատրաստված բարձրորակ կրկնօրինակներով:
Ցանկացողները կարող են ուսումնասիրել դռների օրիգինալ տարբերակը Museo del l'Opera di Santa Maria del Fiore թանգարանում, որտեղ դրանք հատուկ ցուցափեղկի միջոցով պաշտպանված են շրջակա միջավայրի ազդեցությունից:










