ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը վերակենդանացման բաժանմունքում է

15:31 • 12.09.12

ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը սնկից թունավորումով տեղափոխվել է Վիշնևսկու անվան հոսպիտալ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է Life News-ը:

 

Պաշտոնաթող գեներալը հոսպիտալացվել է ծանր վիճակում, սակայն այժմ նրա վիճակը կայուն է: Նա շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ: Բժիշկների թունավորում ախտորոշմանը հակառակ, Գրաչովի որդին պնդում է, որ հոր առողջության վատթարացման պատճառը շաքարի և ճնշման բարձրացումն է:

 

Նախօրեին՝ երեկոյան, գեներալ Գրաչովը ծննդյան տոնակատարության է մասնակցել, իսկ առավոտյան ուշաթափվել է:

 

64-ամյա Գրաչովը 1992-1996թթ. եղել է ՌԴ պաշտպանության նախարարը: Մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի զինված հակամարտություններին: Հայտնի է նաև որպես ՀՀ հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ բարեկամ: Գրաչովը Սարգսյանին իր եղբայրն է անվանել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա եղել է նաև Վազգեն Սարգսյանի քավորը: