Հալեպի օդակայանի ճանապարհին զոհվել է 4 և վիրավորվել՝ 10 հայ

10:37 • 12.09.12

Երեկ Երևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած և Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող ազգությամբ 4 հայեր զոհվել են, 10 -ը՝ վիրավորվել, ընկնելով Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ: Այս մասին Tert.am –ին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Ըստ Տիգրան Բալայանի ունեցած նախնական տեղեկատվության, սպանվածներից երեքի անուններն են՝ Հարութ Սուլավյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և զոհվածներից մեկի կինը, ում անուն-ազգանունն այս պահին  դեռ ճշտված չէ:


Ավելի ուշ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ չորրորդ զոհը Մեսրոպ Աճեմյանն է:

 

«Հիմնական ճանապարհով չեն գնացել, այն փակ է, գնացել են ուրիշ ճանապարհով և ընկել են կրակի տակ»,- ասաց Տիգրան Բալայանը:


Նշենք, որ Facebook–ի հալեպահայերի էջերից մեկում Հալեպի օդանավակայանի ճանապարհին հայ զոհերի վերաբերյալ նոր տեղեկություններ են շրջանառվում:

 

Շանթ Հալաջյանը պատմում է, որ հարձակման են ենթարկվել օդանավակայանի ճանապարհով ընթացող մի քանի մեքենաներ, որոնցից «5 ինքնաշարժ լման կոդորած են» (5 մեքենա ամբողջովին կոտորել են –Tert.am): Դրանք եղել են առջևից գնացող մեքենաները:


Մեքենաներից մեկի մեջ եղել է ինքը՝ Հալաջյանը: Ըստ նրա՝ տեղում զոհվել է հայերից մեկը՝ Բեբեջյան Արսեն անունով (թերևս Տիգրան Բալայանի հայտնածներից՝ Արսեն Փեփեջյանը -Tert.am): Նա հայտնում է, որ «զարկվել է» ևս մեկ հայ, նրան հիվանդանոց են տեղափոխել: Վիրավորների մեջ նաև մեկ հայուհի է եղել: