Կարևոր է այս պայմաններում չձեռնարկել այնպիսի քայլեր, որ մեր տակից «խալին» դուրս գա. Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ-ն ճանաչելու մասին
Կարևոր է այս պայմաններում չձեռնարկել այնպիսի քայլեր, որ մեր տակից «խալին» դուրս գա: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբին պաշտոնապես ներկայացնի ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու պահանջ:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ բոլորը ճիշտ գնահատեցին Ադրբեջանի ու Հունգարիայի միջև տեղի ունեցած հրեշավոր գործարքը՝ Բուդապեշտում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: Ըստ նրա՝ ժամանակն է, որ Հայաստանը որդեգրի լայնամասշտաբ հաղթավարական ծրագիր` ներկայումս ստեղծված միջազգային հասարակական կարծիքի ֆոնի վրա, որը նա դրական համարեց, և տոտալ աշխատանք տանել նույն հանրության կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու ուղղությամբ:
«Ինչպես նշեցիք, միջազգային հանրության արձագանքը այսօր միանշանակ բարենպաստ է մեզ համար: Դա ոչ միայն վերջին օրերի մեր կողմից ձեռնարկված քայլերի արդյունք է, այլ նաև մեր այս տարիների ընթացքում վարած քաղաքականության շնորհիվ է: Հայաստանը պետք է զգույշ ու ճիշտ ձևով վարի այն քաղաքականությունը, որը վարել է մինչ օրս, և որը բերել է ու բերում է կոնկրետ արդյունքների: Միջազգային հանրությունը աջակցում է մեզ»,-ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը՝ կապված ԼՂՀ-ի հետ, համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մոտեցմանը:
«Ավելին, ասեմ, որ եռանախագահների դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցմանը: Մենք պետք է անենք այն, ինչ մինչ օրս արել ենք: Հայաստանը շարունակելու է իր ջանքերը ԼՂՀ-ի ինքնորոշման և ճանաչման ուղղությամբ, մեր բանակցությունների նպատակը հենց սա է, և այլ կարծիք գոյություն չունի»,- ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:










