Անծանոթը ներխուժել է Բրազիլիայի նախագահական նստավայր ու բղավել նախագահի հանդեպ տածած սիրո մասին

11:01 • 12.09.12

Հարբած մի երիտասարդ նախօրեին փորձել է ներխուժել Բրազիլիայի նախագահական նստավայր՝ բղավելով պետության ղեկավար Դիլմա Ռուսեֆի հանդեպ տածած սիրո մասին, հայտնում են մեքսիկական ԶԼՄ-ները:

 

Նախնական տվյալներով՝ հարբած «սիրահարին» հաջողվել է բարձրանալ այն հարթակը, որտեղ սովորաբար հանդիսավորությամբ ընդունում են արտասահմանյան պատվիրակություններին: Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդը եղել է ոտաբոբիկ, անհեթեթություններ է ասել և բղավել նախագահի հանդեպ իր սիրո մասին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:

 

Նա պնդել է, որ սիրում է Ռուսեֆին, ցանկանում է ամուսնանալ նրա հետ և նախկինում եղել է նրա ամուսինը:

 

Հարբած այցելուին հանգստացնելու համար նախագահի թիկնապահներից մեկը ստիպված է եղել ռետինե փամփուշտներով մի քանի անգամ կրակել նրա վրա:

 

Արդյունքում թիկնապահներին հաջողվել է բռնել անսպասելի հյուրին, ձեռնաշղթայել և տեղափոխել Բրազիլիայի մայրաքաղաքի հոսպիտալներից մեկը, որտեղ նա ուշքի գալուց հետո կհանձնվի իրավապահ մարմիններին: Նրա գրպաններից մեկում գտնվել է Ռուսեֆի լուսանկարը: