Կանխվել է Ավան և Նոր–Նորք դատարանից կալանավորի փախուստի փորձ

19:16 • 12.09.12

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կանխվել է փախուստի դեպք, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:


Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը դատարանի բակում կալանավորներին տեղափոխող մեքենան նստելիս փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է ՀՀ դատական կարգադրիչների և ոստիկանության ծառայողների գործողությունների շնորհիվ:


Ամբաստանյալ Մուշեղ Ասատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում է քննություն:

Մուշեղ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ոմն Գևորգի հետ նախնական համաձայնության գալով 2010թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06.00-ից մինչև 06.20-ն ընկած ժամանակահատվածում, Ավան, Բաբաջանյան փողոց 38/40 հասցեում գործող «Սիլվարդ Հարությունյան» ԱՁ-ին պատկանող մթերային խանութի պահակ` Հրաչյա Խաչատրյանի նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման, այն է` վերջինիս նկատմամբ իր մոտ նախապես գտնվող, որպես զենք գործածված դանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում գործելու հիմքով:


Մ.Ասատրյանը հարվածել է խանութի մուտքի դռան փեղկի ապակուն, կոտրել է այն, իսկ այդ ընթացքում ոմն Գևորգը բաց պատուհանափեղկից ապօրինի մուտք է գործել խանութ և հափշտակել 390.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ծխախոտ, 150.000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր, 40.000 դրամի տարբեր տեսակի օղիներ, 30.000 դրամ կանխիկ գումար` մետաղադրամներով և դեպքի վայրից դիմել են փախուստի:


«Սիլվարդ Հարությունյան» ԱՁ-ին պատճառվել է խոշոր չափի` 610.000 ՀՀ դրամի, գույքային վնաս (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր):