Գիտական ծրագրերի ֆինանսավորումը եղել է Գիտկոմիտեի հիմնական նպատակը. Ս. Հարությունյան
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»
Գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթները եղել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի 2012 թվականի հիմնական ուղղությունը, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ տարվա ընթացքում ֆինանսավորվել են հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացված 6 և գիտական հետազոտությունների ծրագրերին վերաբերող մրցութային 4 ծրագիր:
«Մինչև տարեվերջ Կոմիտեն նախատեսում է անցկացնել երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ, այդ թվում նաև ասպիրանտների անհատական աջակցության մրցույթ»– տեղեկացրեց նա:
«Հիմնական ծրագրերից են նաև գիտական ու գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման, գիտական թեմաների մրցույթը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագծերի մրցույթը և այլ միջազգային մրցույթներ»,- ավելացրեց նա:
Սամվել Հարությունյանն ընդգծեց, որ Կոմիտեի աջակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգոնոսֆերային հետազոտությունների ինստիտուտը և «Գոլոս Արմենի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից գիտահանրամատչելի ներդիր՝ «Մոստ» անունով, որը ընթերցողին ներկայացնում է Հայաստանում և արտասահմանում գիտության, տեխնիկայի և բժշկության ոլորտի ձեռքբերումները:
«Հայաստանի գիտական հանրությանն արդեն հասանելի են «Thomson Reuters»-ի Web of Knowledge համակարգի մի շարք ռեսուրսներ»,- ասաց նա:
Սամվել Հարությունյանը նշեց, որ նախատեսվում է ավարտել AREAL լազերային գծային արագացուցչի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի պատրաստման աշխատանքները, գործարկել բարձր հաճախականության, վակուումային և ղեկավարման համակարգերի հիմնական փորձարարական ստենդներ:










