Ընդդիմության միասնական թեկնածուին ժողովո՞ւրդը պիտի ընտրի. մեկնաբանում են ՀԱԿ պատգամավորները

15:53 • 12.09.12

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վերահաստատում է իր այն հայտարարությունը, թե 2013 թվականի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին պետք է ժողովուրդն ընտրի։


«Ես չեմ ճանաչում միասնական թեկնածու, ժողովուրդը պետք է ընտրի ընդդիմության թեկնածուին, իսկ բոլոր կուսակցությունները, որոնք ուզում են՝ թող առաջադրվեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ առաջարկը բոլորովին էլ ուտոպիստական չէ:


Վերջինս նաև նկատեց, թե պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը. «Նույն ընտրական տեղամասերը պետք է բաց լինեն, ընտրությունների օր հայտարարվի և ժողովուրդը գնա ընտրության»:


Հիշեցնենք, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը երեկ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե նախագահի միասնական թեկնածուին պետք է որոշի ժողովուրդը, ասել էր՝ դա ուտոպիա է և հստակեցրել. «Գցում են ժողովրդի վրա, որովհետև ժողովուրդը, ամեն մեկն իր գործով է զբաղված»։


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Ջհանգիրյանը, չգիտեր, թե ի՞նչ է առաջարկել իր գործընկեր Հրանտ Բագրատյանը, և ընդդիմության միասնական թեկնածու ունենալու հարցին կարճ անդրադարձավ, ասելով, թե այն քաղաքական խաբկանք է. «Միասնական թեկնածուն քաղաքական ֆիկցիա է»:


ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես ծանոթ չէր Հրանտ Բագրատյանի առաջարկին, ուստի նշեց, որ առաջարկը մեկնաբանել չի ցանկանում: Միաժամանակ Tert.am-ին ասաց.«Բառի բուն իմաստով միասնական թեկնածու, ըստ էության, երբեք չի եղել», և առաջարկեց խոսել ընդդիմության համախմբման պոտենցյալի մասին:


«Նույնիսկ 2008-ին ընդդիմությանը չհաջողվեց ունենալ միասնական թեկնածու, և իրենց ընդդիմություն համարողները հանդես եկան առանձին թեկնածուներով: Իսկ այսօր մենք պետք է խոսենք համախմբման մասին»,– ասաց նա:


«Ես կարծում եմ, որ հիմա համախմբման պոտենցիալը մեծ չէ, բայց դա չի նշանակում, որ դրա վրա չպետք է աշխատել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը նա և հստակեցրեց, որ իրենց աշխատանքն այսօր, այնուհանդերձ, պետք է ուղղված լինի միասնական թեկնածու ունենալուն և ընդդիմությունը պետք է միասնաբար հանդես գա:


«Թե ինչքանո՞վ է հավանական, դա ուրիշ հարց է, ես մեծ հնարավորություն չեմ տեսնում այդ հարցում, բայց դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպետք է աշխատել ու համարել անհավանական»,- նշեց նա:



Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե ՀԱԿ-ն անհրաժեշտ համարի, ապա քննարկումների արդյունքում որոշում կկայացնի Լևոն Տեր-Պետրոսյանից բացի նախագահի նոր թեկնածուների անուններ ներկայացնելու մասին:


Մինչդեռ, ըստ նրա, բոլորի ցանկալի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է։ «Բոլորի մտքում և պատկերացումներում ՀԱԿ-ի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ դե յուրե նա նախագահի թեկնածու է, թե ոչ, նախևառաջ այդ որոշումը հենց ինքը պետք է կայացնի, որից հետո միայն ամեն ինչ հաստատ կլինի»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ իրենք ոչ թե չեն կողմնորոշվել, այլ ուղղակի դեռ չեն անցել ֆորմալ ընթացակարգերին, որպեսզի որոշում կայացնեն: