Երևանում կկայանա կանադահայ դաշնակահար Սուրեն Բարրիի մենահամերգը

13:11 • 12.09.12

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անհատ կատարողների օրերի շրջանակներում շարունակվում են Հայրենիքից դուրս ապրող, ստեղծագործող և արդեն մեծ ճանաչում վայելող հայազգի երաժիշտների համերգները:

 

Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կանադայից դաշնակահար Սուրեն Բարրիի մենահամերգը:

 

Նշենք, որ կանադական «Օտտավա սիթիզն» (Ottawa Citizen) օրաթերթը օգոստոս 21-ին անդրադառնալով դաշնակահարին՝ նրան անվանել է «օտտավացի երիտասարդ հրաշք դաշնակահար» («Ottawa piano prodigy Suren Barry»):

 

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայրենիքում համերգով հանդես գալու հրավերը Սուրենի կյանքում բացառիկ է, որովհետև Երևանում կայանալու է նրա առաջին մենահամերգը: Սուրենը մշտապես երազել է այցելել Հայաստան` իր մոր ծննդավայր և ելույթ ունենալ հայ ունկընդրի առջև, որի մասին շատ է լսել մորից ու տատիկից` Կանադայի Մքգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանից:


Սուրենը հպարտ է մոր կողմից հայ լինելու համար և կատակով ուղղում է նրանց, ովքեր իրեն լրիվ հայ չեն համարում. «Ինչպե՞ս թե լրիվ հայ չեմ: Հայերեն խոսում եմ, անունս Սուրեն է, ազգանունս` Բարրի, դրանից ավելի հայ մարդ կարո՞ղ է լինել»:

 

Տեղեկացնենք, որ Սուրեն Բարրին ծնվել է 1990թ. ապրիլի 21-ին Մոնրեալում: Սկզբնական կրթությունն ստացել է Օտտավայում: 1995թ. սովորել է Լիսե Քլոդել (Lycee Claudel) ֆրանսիական դպրոցում, որտեղ եղել է լավագույն աշակերտներից մեկը` աչքի ընկնելով նաև սպորտային նախասիրություններով, անսպառ հումորով, ինչպես նաեւ մարդկանց ընդօրինակելու ձիրքով: Հինգ տարեկանից Սուրենը հաճախել է դաշնամուրի դասերի:

 

Նրա դաշնամուրի հիմնական ուսուցիչը եղել է Նիկոլ Փրեզենտին (Nicole Presentey), ում դերակատարությունը մեծ է եղել Սուրենի` որպես դաշնակահար ձևավորվելու և Կանադայի «Բարձրացող աստղ» (Rising Star) տիտղոսին արժանանալու գործում:

Սուրենը երաժշտական բարձրագույն կրթություն է ստացել նախ` 2009-2010թթ. Կանադայի Գլեն Գուլդի անվան Թագավորական երաժշտանոցում (Royal Conservatory of Canada, Glenn Gould School), որտեղ նրան դասախոսել է պրոֆ. Ջոն Փերին (Prof. John Perry), ապա կրթությունը շարունակել է Օտտավայի Քարլտոն համալսարանի (Ottawa Carlton University) երաժշտանոցում, որը փայլուն ավարտել է այս տարվա հունիս ամսին:

 

Դաշնակահար Սուրեն Բարրիի մասին կանադացիներն առաջին անգամ տեղեկացել են` 2001 թվականի ապրիլին «Օտտավա սիթիզն» օրաթերթի արվեստի բաժնում (Ottawa Citizen, Art section) տպագրված «11-ամյա պատանին փայլում է Քիվանիսի երաժշտական փառատոնում» («11-year-old shines at the Kiwanis Music festival») հոդվածից: Այս հոդվածն ազդարարել է Սուրենի մուտքն արվեստի աշխարհ:


Հաջորդ տարի կրկին մասնակցել է Քիվանիսի երաժշտական փառատոնին, որտեղ նրան գնահատող մասնագետներից մեկն ասել է. «Երբ փակում ես աչքերդ, չես հավատում, որ նվագողը 12 տարեկան պատանի է, որն ընդամենը մի տարի առաջ է սկսել մասնակցել երաժշտական մրցույթների: Նա կարծես վիրտուոզ դաշնակահար լինի»:


22-ամյա Սուրեն Բարրին մինչ այժմ արժանացել է ավելի քան 19 մրցանակների ու պարգևատրումների:


Սուրեն Բարրիի անունն արդեն հայտնի է Կանադայում: Նրան առավել մեծ ճանաչում է բերել Համականադական երաժշտական 41-րդ մրցույթին (41st Canadian National Music Competition) մասնակցությունը, որտեղ գրավել է առաջին տեղը: