Դեսպանի սպանությունից հետո ԱՄՆ-ն տարհանում է Բենգազիում հյուպատոսարանի աշխատակիցներին

16:10 • 12.09.12

Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի ու հյուպատոսարանի ևս 3 աշխատակիցների սպանությունից հետո, ԱՄՆ-ն սկսել է տարհանել հյուպատոսարանի աշխատակիցներին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Al Jazeera-ին:

 

Արաբական հեռուստաալիքի տվյալներով՝ արդեն տարհանվել է 35 աշխատակից: Լիբիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Սթիվենսը սպանվել է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների տարելիցի օրը, կարճատև աշխատանքային այցով Բենգազիում գտնվելու ժամանակ:

 

Բացի դեսպանից, սպանվել են նաև նրա 2 թիկնապահներն ու հյուպատոսարանի ևս մեկ աշխատակից, ում ինքնությունը դեռ հաստատված չէ: