Մասիս քաղաքի աղբանոցում լուրջ խնդիրներ կան, խոստովանում է նախարարը
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, խոստովանեց, որ խախտումներ կան Մասիս քաղաքի աղբավայրում և խոստացավ շտկել դրանք։
«Մեր կարծիքով այդտեղ խախտումներ կան, հորդորել ենք, որ կարգի բերվի»,- ասաց նախարարը ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հարցի, թե նախարարությունում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հնարավոր չի լինում վերացնել աղբանոցը և, եթե համապատասխան օրենքի պահանջները չեն կատարվում, ապա այդ դեպքում ինչո՞ւ չեն պատժվում պատասխանատու անձինք:
Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, որ աղբանոցների վերաբերյալ նախարարությանն արած իր հարցման պատասխանում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում աղբանոցները պետք է շահագործվեն օրենքով սահմանված կարգով, մինչդեռ ինքն անձամբ ականատես է եղել, որ այդ կարգը չի պահպանվում:
Մասիսի աղբանոցը գործում է դեռ 1960-ականներից:










