Դաղստանում մահապարտ ահաբեկիչների նախապատրաստման բազա է հայտնաբերվել
Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են այն վայրը, որտեղ նախապատրաստություն է անցել մահապարտ ահաբեկիչ Ամինաթ Սապրիկինան, ում ինքնապայթեցումից զոհվել է շեյխ Սաիդ-աֆանդին և ևս 6 մարդ, հաղորդում է Life Newsպարբերականը:
Փոքրիկ տունը գտնվում է Դաղստանի գյուղերից մեկում, որի անվանումը անվտանգության նկատառումներից ելնելով դեռ չի հաղորդվում, հարևանները դիտավորյալ շրջանցում են և անընդհատ փոխվող բնակիչների հետ չեն շփվում:
Հիմնականում այնտեղ են բերում ամբողջովին սև հագած և փակված կանանց: Որոշ ժամանակ անց նրանք անհայտանում են և այլևս չեն վերադառնում:
«Այդ տունը ներկայում զննության տակ է: Իրավապահները փորձում են բացահայտել բնակիչների հեռախոսահամարները, սակայն կանայք և իրենց պատրաստողները մշտապես փոխում են սիմ-քարտերը: Ասում են, թե հեռախոսից ոգտվելը արգելված է իսլամում, սակայն իրականում նրանք պարզապես փորձում են թաքնվել և թաքցնել համախոհներին», - Life News-ին պատմել է քննչական խմբի աղբյուրը:
Տանը ներկայում բնակվող բոլոր կանայք 23-ից 28 տարեկան են: Իրավապահների տվյալներով նրանք դատվածություն չունեն:
Ռուսաստանի իրավապահները ենթադրում են, որ ներկայում բազայում քայլող ռումբ դառնալու են նախապատրաստվում 4 աղջիկներ:










