Եգիպտոսի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան դեմ ցույցերը նոր թափ են ստացել, արդեն տուժել է մոտ 200 մարդ (տեսանյութ)

21:33 • 13.09.12

Եգիպտոսի մայրաքաղաքում շարունակվում են հակաամերիկյան ցույցերը, վաղ առավոտից մինչ այս պահը ԱՄՆ դեսպանատունը գրոհող երիտասարդների շարքում տուժածների թիվը մոտենում է 200 մարդու, այս մասին լրագրողներին հայտնել է Կահիրեի «շտապ օգնության» ծառայության ղեկավար Ահմեդ ալ-Անսարին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Նախօրեին Կահիրեում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուչության շենքի դիմաց մի քանի բողոքի ակցիա էր անցկացվել, որոնց ընթացքում այրվել էր ԱՄՆ դրոշը:


Իսլամիստները նման կերպ իրենց բողոքն են արտահայտում «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի կապակցությամբ, որտեղ, իրենց կարծիքով Մուհամեդը ներկայացված է ծայրահեղ անհրապույր տեսքով:


Ստացվող տեղեկությունների համաձայն, ներկա պահին ցուցարարները, մեծամասամբ երիտասարդներ, քարեր են նետում ոստիկանական ստորաբաժանումների ուղղությամբ, որին ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ են կիրառում:


Եգիպտոսի բանակի ստորաբաժանումները վերջին պահին կարողացել են ցուցարարներին հետ մղել ԱՄՆ դեսպանատան մոտից, նրանցից մեծ մասը այժմ վերախմբավորվում է Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում:


Մինչ այս պահը քաղաքի կենտրոնական Գարդեն Սիթի թաղամասի փողոցները, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, փակ են ավտոտրանսպորտի համար:

 Հիշեցնենք, որ երեքշաբթի, համանման բողոքի ակցիայի ժամանակ, անհայտ նաձիք նռնականետերից գնդակոծել էին Լիբիայի Բնեգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենքը: Զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան 52-ամյա Քրիս Սթիվենսը, դեսպանատան տեղեկատվական դեպարտամենտի աշխատակիցը և պետդեպարտամենտի 2 աշխատակից:


 
Protests Outside US Embassy in Cairo by NewsLook