Արտառոց երևույթ Երևանի բնակարաններից մեկում

23:44 • 13.09.12

Այսօր ցերեկը՝ ժամը 13.24-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 35ա տան հյուրասենյակի մանրահատակը տաքանում և ուռում է:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները, փրկարարական վարչության պետ Մ. Ղազարյանը, տեխնածին վթարների բաժնի պետ Կ. Կարապետյանը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Էլ. լարերի կարճ միացման կասկածանքով տունը հոսանքազրկվել է (մոտ 2 ժ), սակայն տաքությունը չի պակասել: Դեռեվս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում է:


Հատակը ծակելու և նմուշներ վերցնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղանքի ուսումնասիրման արդյունքում նշված հատվածում ռադիոակտիվ ճառագայթներ չեն հայտնաբերվել: Ըստ նախնական եզրակացության՝ խոնավության հետևանքով հնարավոր է կրաքարի կամ նախկինում օգտագործված շինանյութի ակտիվացում, ինչից առաջանում է ուժեղ ջերմության անջատում:


Վաղը՝ սեպտեմբերի 14-ին հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից կիրականացվեն համապատսախան հետազոտություններ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: