Մանկական մահացությունների թիվը վերջին 20 տարվա ընթացքում նվազել է. ՄԱԿ
Հինգ տարեկանից ցածր երեխաների շրջանում մանկական մահացությունների թիվը վերջին 20 տարվա ընթացքում կտրուկ նվազել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մեջբերելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հաղորդագրությանը:
Միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2011թ. ամեն օր աշխարհում մահացել է հինգ տարեկանից ցածր մոտ 19 000 երեխա: Ընդհանուր առմամբ նախորդ տարի մահացել է 5 տարեկանից ցածր 6.9 մլն երեխա, այն դեպքում, երբ 1990 թ. նման մահացությունների թիվը 12 մլն էր:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների կարծիքով՝ մանկական մահացությունների թվի նվազման պատճառներից մեկն այն է, որ աղքատ երկրները հետզհետե հարստանում են: Մահացությունների թվի նվազման պատճառներից են նաև աղքատ երկրներում կրծքով կերակրելու քարոզչությունն ու տարածված համաճարակային հիվանդությունների կանխարգելումը:
Հինգ տարեկանից ցածր երեխաների շրջանում մահացությունների թվի կտրուկ նվազումը նկատվում է հատկապես այն երկրներում, որոնք արտերկրից ստանում են զգալի օգնություն, նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:










