«Հարսնաքարի» գործով առաջին դատական նիստն ուղեկցվեց բողոքի ակցիայով (լուսանկարներ)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ այսօր տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական առաջինը նիստը, բողոքի ցույց էին անցկացնում «Վահե Ավետյան» հասարակական շարժման և «Պահանջո՛ւմ ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստները:
Ցուցարարների ձեռքին կային ցուցապաստառներ՝ «Դատարանն ավազակապետի խաղալիք», «Նեմեց Ռուբոն պետք է պատժվի Վահե Ավետյանին սպանելու համար», «Բռնապետի տեղը բանտն է» վերտառությամբ։
«Մենք համարում ենք, որ նախաքննությունը խայտառակ կերպով է ընթացել և դա փաստացի ներկայացրեցին տուժողի իրավահաջորդները»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց «Պահանջո՛ւմ ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանը:
«Մենք ակնկալում ենք, որ դատարանը հանդես կգա արդարադատության դիրքերից՝ կնշանակի լրացուցիչ նախաքննություն: Այս վիճակում գործը դատավարական փուլ չի կարող մտնել»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող Հարսնաքար» ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
«Պահանջո՛ւմ ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Արթուր Մինասյանի խոսքով՝ բացի Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից, պետք է պատասխանատվություն կրի նաև անձամբ Ռուբեն Հայրապետյանը։
«Փաստաբանների, նախաքննության փուլի մեկնաբանություններից կնկատեք, որ կան որոշակի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Ռուբեն Հայրապետյանն անմիջական կապ ունի սպանության հետ, ուստի պետք է նաև դատարան կանչվի Ռուբեն Հայրապետյանը և նրա մեղավորության չափը որոշվի»,- ասաց ակտիվիստը:
«Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով ևս ներկա էր ցույցին, ասաց, որ հույս չունի, թե արդար դատավարություն կընթանա։
«Ես համակարգի իրավապահ մարմիններից և դատական համակարգից որևէ ակնկալիք չունեմ: Իմ ներկայության պատճառն այստեղ այն է, որ բոլորը պետք է հասկանան, նկատի ունեմ գործող ռեժիմի պարագլուխները, որ այլևս որևէ ոտնձգություն մեր ժողովրդի նկատմամբ՝ աննկատ չի մնալու»,– ասաց նա:
«Իսկ թե ինչպե՞ս ենք արդյունքի հասնելու, դա ավելի շատ կծավալվի քաղաքական գործընթացներում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ միաժամանակ կարևորելով նման ակցիաները:










