Ռուսաստանում 11-ամյա երեխան դպրոց չհաճախելու նպատակով 1 շաբաթ ապրել է «արկղում» (տեսանյութ)
Ռուսաստանի Տագանռոգ քաղաքում 11-ամյա Դենիսը սեպտեմբերի 1-ից հետո փախել է տնից և 1 շաբաթ ապրել ինքնաշեն ստվարաթղթե տնակի մեջ, գրում է Life News-ը:
Ծնողները որդու անհետացումից հետո անմիջապես դիմել են ոստիկանություն:
«Սեպտեմբերի 1-ին աշխատանքից վերադառնալով` ես հայտնաբերեցի, որ որդիս տանը չէ: Սպասեցի մինչ երեկո, ինչից հետո արդեն դիմեցի ոստիկանություն»,- պատմել է մայրը:
Օրեր անց կինը հեռախոսազանգ է ստացել որդուց, ով ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սակայն կտրուկ մերժել է վերադառնալու մասին մոր բոլոր աղերսանքները: Տղան ասել է, որ չի ցանկանում սովորել և պատրաստվում է ինքնուրույն ապրել:
Իրավապահները հեռախոսազանգի միջոցով կարողացել են պարզել Դենիսի գտնվելու վայրը:
Վերադարձից հետո 11-ամյա երեխան պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել գոյությունը պահպանելու համար: Սնունդ գնելու համար նա զբաղվել է մուրացկանությամբ և բնակվել թղթից ու ստվարաթղթից պատրաստված արկղի մեջ:
Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ էլ համապատասխան բուժում է ստանում մրսածության դեմ:










