Եգիպտոսի նախկին վարչապետը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

16:50 • 13.09.12

Կահիրեի քրեական դատարանը Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով տեղական Al-Masry al-Youm թերթին:

 

Ըստ քննության տվյալների՝ պաշտոնավարության տարիներին (2004-2011թթ.) նա անօրինական ճանապարհով իրացրել է 64 մլն եգիպտական ֆունտ (10,5 մլն դոլար): Բացի ազատազրկումից, 60-ամյա Նազիֆը ստիպված կլինի վճարել նաև 9 մլն եգիպտական ֆունտ (1.5 մլն դոլար) տուգանք՝ որպես պետությանը հասցված վնասի փոխհատուցում, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:

 

Նազիֆը ղեկավարել է գործադիր մարմինը նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի կառավարման օրոք: Նա Եգիպտոսի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարներից մեկն է դարձել և թոշակի է անցել 2011 թ. հունվարի վերջին՝ երկրում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվելուց անմիջապես հետո, որին հետևեց իշխող վարչակարգի տապալումը:

 

Նազիֆին մեղադրանքներ են առաջադրվել 2011թ.-ին: Քաղաքական գործիչը դատապարտվել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման, սակայն նրան առաջադրվել են նոր մեղադրանքներ՝ կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ: